Համո Սահյան «Իմ պապը»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բնութագրիր պապին:
  3. Թվարկիր պապի կատարած աշխատանքները:
  4. Պատմի՛ր քո պապիկի կամ պապիկների մասին: Պատումիդ կից հրապարակիր լուսանկարներ:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started