ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։ Ո՞ւմ է դիմում հեղինակը։
  2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անհասկանալի բառերն ու առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞նն են ծիլը, ծաղիկը, խոտը, վտակը, երկինքը, հավքերը, երգերը:
  4. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
  5. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
  6. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
  7. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
  8. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  9. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։
  10. Հորինիր: Ի՞նչ պատահեց, երբ գարունը քաղաք մտավ:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started