Ծաղկազարդ

մաս 1-ին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային  եկեղեցական և ժողովրդական տոն է։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,  օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում են հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

մաս 2-րդ

Հնում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը անձրևներ էր ուղարկում երկիր։

Ծառզարդարը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»:

Ծաղկազարդի ճյուղ էին պատրաստում, որի վրա, շորի պատառիկների փոխարեն (նախկինում այդպես են արել) կախել էին ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, պտուղներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում էին:

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ, Նունե Մովսիսյանի բլոգ, Վիքիպեդիա

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started