Մրջյուններ

 Մրջյուններն աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից: Նրանք կարող են բարձրացնել իրենց քաշից հարյուր անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները նաև երբեք չեն քնում: Նրանք ամենակեր են. ինչ ասես որ չեն բերում իրենց մրջնանոց: Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Նրանք կարող են նաև ճզմված մնալ մեկ կգ քաշով ապակիների միջև այնքան անշարժ, ասես չեն էլ շնչում: Բայց բավական է հեռացնել ծանրությունը և նրանք կրկին իրենց հրաշալի կզգան:

Մրջյունների թագուհիների ողջ բան ու գործը ձվադրելն է: Ձվիկներին նրանք հետո չեն էլ մոտենում, դրանց մասին հոգում են աշխատավոր մրջյունները, պաշտպանում են հարձակումներից  ու նաև կերակրում: Մրջյունների ձվերը սնվելու և աճելու հատկություն ունեն: Փոքրիկ ձվերը դեռ չեն պարունակում այնքան սննդարար նյութեր, որքան անհրաժեշտ է նոր մրջյունիկի լույս աշխարհ գալու համար: Այդ պատճառով էլ ձվիկների խնամակալները պարբերաբար լիզում են նրանց: Սննդարար նյութերը թափանցում են ձվերի մեջ և նրանք սկսում են մեծանալ:

Մրջյունները նաև շատ մաքրասեր են ու մաքրակենցաղ: Մրջնանոցներում կան հատուկ հավաքարար-մրջյուններ: Նրանց պարտականությունն է բնից դուրս տանել աղբն ու բոլոր անպետք բաները: Յուրաքանչյուր մրջնանոց իր յուրահատուկ հոտն ունի: Հենց դրա շնորհիվ էլ մրջյուններն անմիջապես գլխի են ընկնում, երբ իրենց «օջախ» անծանոթ մրջյուն է մտնում: Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար:

Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում: Բայց փոխարենը նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերվում և կերակրում են արդեն ծերացած ու աշխատելու անընդունակ մրջյուններին:

Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը: Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով:

Տեքստային աշխատանք

1.Ուշադի՛ր կարդա տեքստը և դուրս գրի՛ր մրջյունների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

  1. Ի՞նչ են հայտնաբերել հնագետները, մրջյուններին ուսումնասիրելիս։
  2. Ո՞րն է մրջյուն թագուհու հիմնական բան ու գործը։
  3. Ովքե՞ր են հոգ տանում մրջնաձվիկների համար։ Տեքստից առանձնացրո՛ւ այդ մասին պատմող հատվածը։
  4. Ինչպե՞ս են վարվում մրջյունները, առանց պաշարի մրջնանոց վերադարձած առողջ ու աշխատունակ մրջյունի հետ։
  5.  Քանի՞ տոկոս են կազմում մրջնանոցում բնակվող աշխատասեր մրջյունները։
  6.  Հետևելով մրջյունների վարքին՝ գիտնականներն ի՞նչ են պարզել։

Բառային աշխատանք

1.Տեքսիտց դո՛ւրս այն նախադասությունները, որտեղ թվականներ կան։

2.Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերովող հինգ բառ։

3.Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։

4.Գրի՛ր կանաչով ընդգծված բառերի հականիշները։

5.Բացատրի՛ր դարձվածքները- գլխի ընկնել, գործի անցնել, լույս աշխարհ գալ։ Երկու դարձվածք էլ ի՛նքդ գրիր։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր նշված գոյականները բնորոշ (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը։

․․․   մրջյուն

․․․ արարած

․․․․ միջատ

․․․ նյութ

  1. 7. Նախադասությունն ընդարձակի՛ր բառեր ավելացնելով։

Մրջյունները ․․․․․ միջատներ են։

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started